ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Գայլերի» և «ոչխարների» ասքը

«Գայլերի» և «ոչխարների» ասքը
20.12.2016 | 00:58

Տարին անչափ հետաքրքիր է եզրափակվում, մասնավորապես, աշխարհաքաղաքական առումով: Գեոքաղաքական եզրափակիչ ակտը «կստորագրի» Իրանի նախագահ Հասան Ռոհանին, որը վաղը կլինի Հայաստանում: Ազատագրված Հալեպի, ընկած Պալմիրայի, Դոնալդ Թրամփի ընտրության շուրջ ռուս-ամերիկյան խորացող հակամարտության, Ադրբեջանի կողմից ղարաբաղյան բանակցությունների տորպեդահարման ֆոնին վերջինիս այցը այլ կերպ, քան տարածաշրջանում որպես լուրջ խաղացողի հայտ, անհնար է չբնութագրել: Դեռ առիթ կունենանք անդրադառնալու Իրանի առաջնորդի մասամբ պատմական այցին Հայաստան, որը նաև տնտեսական բավականին հետաքրքիր բաղադրիչներ ունի` Հայաստանը գազային տրանզիտի վերածելու և մի շարք այլ առումներով, սակայն դառնանք նույն այս օրերին տեղի ունեցող ներքաղաքական դասավորություններին:


ՀՀԿ-ն հանգիստ թողնենք, թող «դանթի» Մելիք-Ադամյանում, քանզի աշխատում է ժամանակի վրա. «տեսարաններն» այսօր ամենաշատը նրան են պետք, զի «հաց` նիխտ», ու որևէ «քոռ կապեկ» առ այս պահը` սեպտեմբերից սկսյալ, չի ներդրվել հայաստանյան շնչահեղձ տնտեսության մեջ, և «գայլերի» ու «ոչխարների» կուշտ ու կենդանի կոնֆիգուրացիայում «տեսարանները» միակ ջոկերն են, որ կարող են «փրկել» այս օրերին` ՀՀԿ խորհրդի կազմի ձևավորման տողատակերում, ուր զգացվում է արդեն համամասնական և ռեյտիգային ցուցակների «տրոփը»` ՀՀԿ-ի համար:


Արձանագրենք նաև, որ որոշակի կանգի մեջ է հայտնվել նաև «կուպեցի» ճերմակությամբ ու «շինելով» ազգին, հատկապես` ԲՀԿ-ին երևցած ԲՀԿ նախկին առաջնորդը: Ասում են` «Իշխանը մտածո՜ւմ է». Ծառուկյանը հաշվում է քաղաքականություն մտնելու «հմայքներն» ու «թշվառությունը». վերջին` «բելառուսական վակզալի», այն է՝ դիվանագիտական «մոբիլների» հետ կապված պատմությունը նրան լրջորեն «փիքր» անելու տեղիք է տվել. այն է` վերադարձի իր ուղին գուցե ականապատված է նույնքան, որքան քաղաքականությունից դուրս գալու ուղին էր, և ինքը ևս պետք է «մտածի»` «ոչխարների` կենդանի, գայլերի` կուշտ» կոնֆիգուրացիոն դիլեմաների շուրջ, որովհետև իր քաղաքական վերադարձի շահառուներն անչափ շատ են, ընդ որում` խիստ հակոտնյա խաղաքարտերով:


Լիդերային խաղի մեջ հայտնված Տեր-Պետրոսյանը իրեն հատուկ շամանական ելույթով խփեց անչափ լուրջ մեխեր ու նույն ջանադրությամբ տարավ-հանձնեց մայր-Ռուսիային, թացը չորին խառնելով, համաժամանակյա շփոթեցնելով և՛ Սերժ Սարգսյանին, և՛ Ռուսիային, և՛ միջազգային հանրությանն ուղղված իր ռևերանս-ժեստերով: Այնուհանդերձ, ինչպես միշտ, Լևոն Տեր-Պետրոսյանի բանավիճելու բարձր արվեստն ու կարողականությունը նոր նիշ են բերում բանավեճից զուրկ հայ քաղանդաստանին: Իսկ պրագմատիզմի առումով, նրա փոխզիջումային անփոփոխ թեզերը` Ղարաբաղյան խնդրի առնչությամբ, խիստ պահանջված սպեկտր են հենց միայն Սերժ Սարգսյանի համար` ընդարձակ մանևրի դաշտ ապահովելու առումով. այն է` զիջումների հարցը «թողնելով» Տեր-Պետրոսյանի խարիզմային, անզիջումը` Ղարաբաղին ու մնացյալ քաղուժերին, Սերժ Սարգսյանը կարող է նստել բանակցության սեղանի շուրջը՝ այդ երկու արգումենտացիաների արանքում, եթե բանակցային գործընթաց դեռ կա:


Չհասցրինք հայաստանյան ներքաղաքական դասավորության առումով ներկայացնել ևս մի քանի հետաքրքիր «դիպվածներ»` ի դեմս Վարդան Օսկանյան-Սեյրան Օհանյան-Րաֆֆի Հովհաննիսյան «երրորդության» և նրանց միջև տեղի ունեցած հանդիպման (դեռ կհասցնենք, չնայած ինքնին հասկանալի է` պտուղ չտվող ծառը էլի պտուղ չի տա): Չհասցրինք անդրադառնալ ձևով բանկոմատային «պայթեցումներին», բովանդակությամբ` երկրում ներքաղաքական լարումը` մինի-ՊՊԾ-աբար «ռելաքսի» հասցնելու ներհայեցությանը: Չխոսեցինք Ռոբերտ Քոչարյանի` տոներից հետո սպասվող ազգին ուղղվելիք կոչին: Իսկ որ ամենակարևորն է` չանդրադարձանք Արսինեի, Սերժ Թանկյանի և Ատոմ Էգոյանի` մեզ կրթելու միսիոներական առաքելությանը` «կուշտ գայլեր-կենդանի ոչխարներ» համույթում:
Դեռ կհասցնենք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2325

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ